ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Երևանում 47–ամյա տղամարդը դանակահարել է 28-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 9-ին` ժամը 22.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 28-ամյա մի բնակիչ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժած երիտասարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մաշտոցի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, սակայն, 47-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և խոստովանել, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել 28-ամյա համագյուղացուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: