ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Նախագծով սահմանվել են բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը։
Մասնավորապես` պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (մասնագիտական մանկավարժություն, ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն) ուսանողները առաջին կուրսում կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01 % և բարձր ՄՈԳ ունեցողները կստանան 77000 դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70000 դրամ:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող սովորողները կստանան 50 հազար դրամ` ըստ առաջադիմության:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրմանը, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:
Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը բուհեր ընդունված սովորողների նկատմամբ կիրառվում են գործող կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:
Հավելենք, որ այժմ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը ամսական տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում։