ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կարող է վտանգել Եվրամիություն–Ադրբեջան գործարքը. ԶԼՄ

Գազատար
ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնյան ասել է, որ պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում Է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգել գազի արտահանումը կրկնապատկելու մասին համաձայնագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է «Politico» թերթը։
Պարբերականը հիշեցրել է Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազը մինչև 2027 թվականը կրկնապատկելու մասին գործարքը, որը Բրյուսելի և Բաքվի միջև կնքվել է նախորդ տարվա հուլիսին: Համաձայնագիրը ստորագրվել է էներգաճգնաժամի, էներգառեսուրսների թանկացման և ռուսական գազի նվազեցված մատակարարումները լրացնելու անհրաժեշտության ֆոնին։
2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Ըստ թերթի` Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, վրդովմունք է առաջացնում Բաքվում, ինչը ստվեր է գցում Ադրբեջանի հետ գազի վերաբերյալ ԵՄ գործարքի վրա, միևնույն ժամանակ ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Ադրբեջանը զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին:
«Մենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում ենք Ադրբեջանին, քանի որ չենք ուզում խնդիրներ ունենալ»,- թերթին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ կա, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից և իրականացվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա` որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար: