ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվության ավելացում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որն իրականացնում է ՀՀ ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։
ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող 5 առցանց աշխատող հաշվիչներ։
«ՀՀ միջպետական նշանակության բոլոր 5 կետերում տեղադրված հաշվիչներն էլ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել են երթևեկության ինտենսիվության ավելացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: