ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Զատկին ոչ ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին մաղթել է ուժ՝ ձգտելու խաղաղության և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների։ Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքում հրապարակված շնորհավորանքում։
«Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, հոգու խաղաղություն և Աստծու օգնություն Ձեր ծառայության մեջ», – ասվում է շնորհավորանքում։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի շնորհավորանքն ուղղված է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, Արևելքի Ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա III Ռոյելին, Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Բեշար Բուտրոսին, Արևելքի կաթողիկոս Մալանկարայի մետրոպոլիտ Վասիլի Մար Թոմաս Մաթևոս III–ին և Կիլիկիո կաթողիկոս Արամ I–ին։
Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Բոլոր եկեղեցիներում կատարվում է տոնական պատարագ։
Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
Հարության տոնը հայ եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոնը։