ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հակաբիոտիկներ չեն օգտագործել, բայց ձվի թարմության հարցում են խաբել։ Սուրբ Զատիկին ընդառաջ՝ «Հետքը» լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք։ Մասնավորապես, փորձաքննվել են «Գնթունիք», «Արզնի», «Արաքս», «Աշտարակ ձու», «Մասիս» («Վարիանտ գրուպ»), «Լուսակերտ էլիտ», «Էրեբունի» («Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա») ապրանքանիշի հավկիթները։
Պարզվել է՝ մակնշված թարմությունը ոչ մի ապրանքանիշի ձու չի ունեցել։ Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է որպես 4 օրվա։ «Արաքսի» դեպքում ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ հայտնաբերվել են ժանգանման բծեր։
«Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։
«Էրեբունի» ձուն մակնշված է եղել 15 օրական, իսկ իրականում եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ է եղել, իսկ դեղնուցը՝ պիգմենտավորված։
Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշվել է որպես 3 օրվա ձու։ Սպիտակուցը եղել է ջրիկացած։ Իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։ Այս ապրանքանիշի թվի դեղնուցը եղել է ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը, ըստ մասնագետների, ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։
«Հետքը» նշում է, որ փորձաքննության համար ընտրվել էին առաջին կարգի (01) թարմ ձու։ Օբյեկտիվության համար նախքան լաբորատորիա տանելը դիմազերծել էին, համարակալել և պահել սառնարանում։ Փորձաքննություններն իրականացվել են «Ստանդարտ Դիալոգի»՝ Երևանի և Գյումրու լաբորատորիաներում՝ հակաբիոտիկները ստուգելու և թարմությունը որոշելու համար, մյուս մասը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիայում։