Իշխանությունը նոր ռիսկեր է ստեղծում. Աբովյանը` ԱՄՆ զորավարժություններին մասնակցելու մասին

Արման Աբովյանը կարծում է, որ Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարության նախաձեռնած զորավարժություններն ուղղված են Հայաստանի դաշնակցի և մերձավոր հարևանի դեմ:
Sputnik
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր ռիսկեր և սպառնալիքներ է ստեղծում երկրի համար՝ մասնակցելով ամերիկացիների նախաձեռնած զորավարժություններին: Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց նախագծի հեղինակ և վարող, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում Հայաստանը պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ «KFOR» (Կոսովոյի ուժեր) և «Saber Junction» (Միաձուլված սուր) զորավարժություններին։
Աբովյանի խոսքով՝ եթե KFOR-ի շրջանակում զորավարժությունները հասկանալի են, քանի որ Հայաստանը մասնակցել է խաղաղապահ գործողությունների, զորախումբ ունի Կոսովոյում, ապա հստակ հակառուսական, հակաիրանական և հակաչինական վեկտոր ունեցող զորավարժություններին մասնակցելը նշանակում է վնաս հասցնել Հայաստանի պետական շահերին և սպասարկել օտար աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը։
«ՀՀ–ն, լինելով ՀԱՊԿ–ի անդամ, Եվրասիական տարածքում գոյաբանական խնդիրների առջև կանգնած, մասնակցում է մի զորավարժության, որը «հակա» է այդ տարածքի երկրներին։ Դուք հասկացեք` ինչ եք անում, հասկացեք հետևանքները»,–ընդգծում է նախկին պատգամավորը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչ դրդապատճառներով է առաջնորդվում իշխանությունը, երբ, ըստ էության, ներգրավվում է Արևելքի և Արևմուտքի հակամարտության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» զորավարժության մասին հաղորդագրությունում մասնակից երկրների ցանկում նշված էր նաև Հայաստանը։ Որոշ ժամանակ անց ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց այն, և Հայաստանն այլևս ներառված չէր մասնակիցների ցանկում։
Մի զորավարժություն մյուսի փոխարեն. քաղաքագետը բացատրում է ՀՀ–ի շարժառիթն ու ԱՄՆ-ի խնդիրը