ՀՀ–ում ծրագրում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը

Արփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Արփինե Սարգսյանը հատուկ շեշտել է, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում նախատեսում են միավորել ՆԳՆ ենթակայությանն անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ) և Ոստիկանության կրթահամալիրը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է ՃԿՊԱ և ընդգծել 1 միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Ոստիկանության ակադեմիայի հետ միավորումը պետք է նպաստի նախարարության կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։
«Սարգսյանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։ ՃԿՊԱ ակադեմիայի անձնակազմի տարիներ շարունակ ներդրած ջանքն ու ավանդը պահպանվելու և զարգանալու են։ Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը վերահաստատել է ակադեմիայի ողջ կազմի պատրաստակամությունը՝ միավորմանն աջակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։ Ընդգծվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։
Արփինե Սարգսյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Սարգսյանն Արմինե Հայրապետյանի հետ շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել ակադեմիայի կրթական միջավայրին, տեխնիկական հագեցվածությանը։ Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։
Այցի ընթացքում ներկայացվել են ջրափրկարարական ջոկատի կարողություններն ու հագեցվածությունը։ Ուսումնասիրվել են նաև ակադեմիայի ՏՏ համալիր լաբորատորիան, որտեղ ծանոթացել են գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների արդյունքներին։
Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։
Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը