ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում կասեցվել է Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը։
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։
Արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը։
Բացի այդ, արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով, իսկ արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում չի իրականացվել։
Արտադրամասում չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և գույք։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։