Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը

Արփինե Սարգսյան
Այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ՝ հետագայում բարձրացնելով նրանց աշխատավարձը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է զինված ուժերում և ոստիկանությունում։ Քննարկվում են այդ համակարգին ազգային անվտանգության ծառայությունը միացնելու ծրագրերը։
ԱԺ-ն ընդունեց ատեստավորում անցնելու դեպքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար սահմանող նախագիծը
Սարգսյանի խոսքով` փոփոխությունները մի կողմից կբարձրացնեն հայ փրկարարների պատրաստության, որակավորման մակարդակը, մյուս կողմից թույլ կտան զգալիորեն բարելավել իրենց նյութական վիճակը:
«Ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից»,–ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ խոսքը հավելավճարի` գրեթե կրկնակի չափով հաշվարկի մասին է, քանի որ այս պահին էլ աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն։
Նշենք, որ փրկարար ծառայությունում միջին աշխատավարձը 160-250 000 դրամ է։