Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։