ՀՀ–ից ծաղիկների արտահանումն աճում է. նախորդ տարի այն կազմել է 51 տոննա

Հայաստանում միայն 14 հա ջերմատուն հիմնվել է լիզինգի ծրագրով, իսկ 4.2 հա` փոքր ու միջին ջերմատների կառուցման ծրագրով, մոտ 6 հա մակերեսի վրա էլ աշխատանքներ են ընթանում։
Sputnik
Հայաստանում աճեցվող ծաղիկների պահանջարկն արտերկրում մեծանում է։ 2022 թվականին արտահանվել է 51 տոննա ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Դինամիկ աճն այս տարի էլ շարունակվում է։ Տնտեսվարողներն արդեն իսկ հասցրել են արտահանել կրկնակի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավելացել են նաև արտահանման շուկաները։ Հայաստանում աճեցված ծաղիկների շուրջ 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, զգալի աճ է արձանագրվել նաև դեպի վրացական շուկա արտահանելու ուղղությամբ»,– ասել է Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Արտահանում իրականացվում է նաև եվրոպական երկրներ, մասնավորապես Շվեդիա։
Հայաստանում ծաղկի ջերմոցներ հիմնելուն նպաստել են նաև նորագույն տեխնոլոգիաներով ջերմատների կառուցման պետական աջակցության ծրագրերը։ Միայն 14 հա ջերմատուն հիմնվել է լիզինգի ծրագրով, իսկ 4.2 հա` փոքր ու միջին ջերմատների կառուցման, մոտ 6 հա մակերեսի վրա էլ աշխատանքներ են ընթանում։
Ղազարյանի խոսքով` հանրապետությունում մոտ 250 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություններ կան։
Նշենք, որ 2020 թվականին ծաղկի արտահանումը կազմել է 7 տոննա, իսկ 2021-ին` 44։