22 որոշում. Երևանում կայացել է Մաքսային Միության մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստը

Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը Երևանում
Բադասյանը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Երևանում կայացած Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստին Միավորված կոլեգիայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ 1 տարի ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին:
«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս արագ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել ծագած խնդիրների դեպքում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև մաքսային ընթացակարգերը պարզեցնելու ուղղությամբ:
Որոշում է կայացվել Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 42-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում:
Հավելենք, որ Երևանում կայացած նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: