ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության և համագործակցության շրջանակներում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Aydınlık թերթը։
«Թուրքիան աայն համոզմունքն ունի, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ միասին ապրել են հանդուրժողականության և խաղաղության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում»,–ասել է Աքարը:
Խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցանկացած հնարավորության դեպքում և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց անդամ կկազմեն պատմաբանները»:
«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք այս հարցի վերաբերյալ մեր համառ կոչը։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, հաշտվի արդյունքների հետ և չանհանգստանա դրա համար։ Սակայն այդ առաջարկին դեռ պատասխան չի տրվել»,–նշել է թուրք նախարարը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։