Փարիզում 11-րդ համազգային բողոքի ակցիան է ընթանում. տեսանյութ

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկած ցույցին մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։ Քաղաքի փողոցներում կարգուկանոն է ապահովում 4200 ոստիկան։
Sputnik
Այսօր Փարիզում արհմիությունների կազմակերպած թվով 11-րդ բողոքի ցույցն է ընթանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ցույցերին մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։ Ցուցարարներն ակցիան սկսել են Հաշմանդամների տան մոտից և կհասնեն մինչև Իտալիայի հրապարակ։
Ըստ ՆԳՆ–ի`քաղաքի փողոցներում կարգուկանոն է ապահովում 4200 ոստիկան։
Ցուցարարները երթի են դուրս եկել արհմիությունների դրոշներով և պաստառներով. «Բոլորը կենսաթոշակ պետք է ստանան 60 տարեկանում», «Ֆրանսիացիների 80%–ը ո՛չ է ասում 64 տարեկանում կենսաթոշակ ստանալուն»։
Նրանց շարքերում նաև black bloc շարժման մի քանի հարյուր արմատականներ կան։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել էր կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Սակայն այդ բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնվածների համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել մինչև իր երկրորդ մանդատի ավարտը։
Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։
Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կհայտնի` օրինագիծը համապատասխանում է երկրի գործող օրենսդրության նորմերին, թե ոչ։ Եթե որոշումը դրական լինի, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: