ՄԱԿ-ում դատապարտել են Իսրայելի գործողություններն Ալ-Աքսա մզկիթում

ՄԱԿ գրասենյակը Ժնևում
ՄԱԿ-ի փորձագետը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Պաղեստինի օկուպացված տարածքում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն դատապարտել է Իսրայելի ուժայինների կողմից Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացված գործողությունները:
«Երբ պաղեստինցի մահմեդականները հավաքվել էին Ռամադանի աղոթքի՝ իրացնելով Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու իրենց իրավունքը, Իսրայելի իշխանությունները նրանց դեմ ավելորդ և չարդարացված ուժ կիրառեցին», - նշված է հատուկ զեկուցողի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության կայքում:
Ըստ Ալբանեզեի ունեցած տեղեկությունների` ավելի քան 30 պաղեստինցիներ վիրավորվել են մզկիթի ներսում և անմիջապես դրա հարևանությամբ, իսկ բժիշկներին թույլ չեն տվել բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին:
ՄԱԿ-ի փորձագետը միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից:
Նշենք, որ երկու գիշեր շարունակ իսրայելցի ուժայինները «ռեյդեր» են իրականացնում Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում: Ապրիլի 5-ի գիշերը իրականացված գործողության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են տուժել, 350 մարդ ձերբակալվել է: Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել են մի քանի երկրներ, այդ թվում ՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը: