Ինգուշեթիայում ձերբակալման փորձի ժամանակ գրոհայինները կրակել են ուժայինների ուղղությամբ

Ինգուշեթիայի օպերատիվ շտաբը ավելի վաղ տեղեկություն էր ստացել Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում ավազակախմբի անդամների գտնվելու վայրի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ինգուշեթիայի Մալգոբեկի շրջանում հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում մի խումբ զինյալներ կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի օպերատիվ շտաբին։
Ավելի վաղ իրավապահ մարմիններից աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում բախումներ են ընթանում մի խումբ գրոհայինների հետ, որոնք, նախնական տվյալներով, փակված են տներից մեկում:
«Ինգուշեթիայի Հանրապետության օպերատիվ շտաբը հակաահաբեկչական գործողության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում տեղեկատվություն է ստացել Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում ավազակախմբի անդամների գտնվելու վայրի մասին։ Ձերբակալման փորձի ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել և ինքնաձիգ զենքից կրակ են բացել իրավապահների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրավիճակը վերահսկվում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի ցերեկը Մալգոբեկի շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել մի խումբ անհայտ անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով ուժայիններից մեկը թեթև վնասվածք էր ստացել: Ապրիլի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20.00-ից Մալգոբեգի շրջանի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։ Ապրիլի 5-ին Մալգոբեկի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման համար փնտրվողներից մեկի դին: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ՝ ենթափողային նռնականետով և չորս նռնակ։