ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական միջոցների հաշվին

Մնացական Սաֆարյան. Արխիվային լուսանկար
Առաջարկվում է Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Արտաքին հաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։
Ըստ նախագծի` Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։ Իսկ ծախսերի ֆինանսավորումը իրականացվելու է պետական արարողակարգի ծառայության և հյուրնըկալող համապատասխան մարմնին ներկայացրած հաշվետվության հիման վրա։
«Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով»,–նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Նշենք, որ նմանատիպ կարգավորումներն այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։