Ավագ քննիչը 200 հազար դրամ է հափշտակել տուժողից

Արխիվային լուսանկար
Նախկին քննիչն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունք տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ավագ քննիչը խաբեությամբ տուժողից 204 հազար դրամ է պահանջել ու հափշտակել` նախաքննության օրինական ընթացք խոստանալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ս. Հ.-ն օգտագործել է ծառայողական լիազորություններն գումար հափշտակել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի պաշտոնը զբաղեցնելիս։
«Պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրև իրեղեն ապացույց պահանջել և ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե իբր հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության և քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը քննիչը հափշտակել է:
Այսպիսով, Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):
Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Կոմիտեից տեղեկացնում են, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: