ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին

Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի բանտում. Արխիվային լուսանկար
Օրեր առաջ սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին սպանել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Տեսակցությունը եղել է ապրիլի 3-ին։
«Ապրիլի 3-ին տեղի է ունեցել տեսակցություն առանձնազրույցի ձևաչափով, համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի: Հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին»,– հայտնեցին գրասենյակից։
Նշենք, որ Վիգեն Էուլջեքչյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։ Դրանից հետո կինը` Լինդա Էուլջեքյանը, բաց նամակ էր գրել` դիմելով ՄԱԿ–ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ առաջնորդներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և իրավապաշտպան կազմակերպություններին:
Նա խնդրել էր միջազգային իրավապաշտպան կառույցներից և համաշխարհային առաջնորդներից պարզել` արդյոք իր ամուսինը մահացել է, թե ողջ է։ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նրանից լուր չի ունեցել 2023 թվականի հունվարի 27-ից ի վեր։
Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։
Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։ Sputnik Արմենիան ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր Վիգեն Էուլջեքչյանի պատմությունը։