ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը, որը նա ստացել էր Ղրիմում և որը տասնյակ տարիներ կորած էր համարվում, այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հանձնվեց նրա թոռանը՝ Խաչիկ Մարտոյանին:
Մեդալն ու «Հայրենիք» որոնողական ասոցիացիայի նամակը վետերանի հարազատներին հանձնեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որը Երևան է եկել Հայաստանում անցկացվող Ղրիմի օրերի շրջանակում։
Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը
© Sputnik / Aram Nersesyan
«Զարմանալի բան է, տարիներ են անցել, բայց մենք կրկին խոսում ենք Գևորգ Աբրահամյանի մասին՝ որպես հերոսի։ Մարդ, որը մեր բազմազգ ժողովրդի հետ ուս ուսի տված երկիրը ազատագրել է ֆաշիզմից, նացիզմից, որին, ցավոք, այսօր էլ ենք ստիպված առերեսվել»,- նշեց Ղրիմի փոխվարչապետը։
Նա նաև կարևորեց Հայաստանի և Ղրիմի ժողովուրդներին միավորող հնագույն կապերը։ Միջնադարում Ղրիմի տարածքում մեծաթիվ հայկական համայնք է եղել, թերակղզին նույնիսկ ծովային Հայաստան են անվանել։ Մինչ օրս այնտեղ հայկական մշակութային հուշարձաններ են պահպանվել, 14-րդ, 17-րդ, 19-րդ դարերի եկեղեցիներ, որոնք միավորում են Ղրիմում ապրող հայերին։ Ուստի Մուրադովն ընդգծեց, որ պետք է խոսել ոչ միայն 20-րդ դարի էջերի, այլ մեր ժողովուրդների դարավոր կապի և միասնության մասին։
Դմիտրի Պիսարենկոն, Գեորգի Մուրադովը և Սիմոն Եսայանը Հայաստանում Ղրիմի օրերին նվիրված ասուլիսի ժամանակ
© Sputnik / Asatur Yesayants
Սիմֆերոպոլում վետերանի հարազատների որոնումներն իրականացվել են «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի և Ղրիմի որոնողական ջոկատների ասոցիացիայի մասնակցությամբ: Ի դեպ, այս որոնումների շնորհիվ պարզվել է, որ վետերանի թոռան եղբորորդին ապրում է Սիմֆերոպոլում, ու երբ նա իմացել է Երևանում ապրող հարազատների մասին, որոշել է անձամբ զանգել ու տեղեկացնել մեդալի մասին, ինչպես նաև ասել, որ իրենք հարազատներ են։
Հայաստանում Գևորգ Աբրահամյանի հարազատների որոնումները ղեկավարել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա այսօրվա միջոցառման ժամանակ նշեց, որ վերջին 13 տարիների ընթացքում սա արդեն չորրորդ կամ հինգերորդ դեպքն է, երբ մեդալը գտնում է իր հերոսին: Նրա խոսքով՝ Հայաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 69 վետերաններ, որոնցից 9-ն այս տարի 100 տարեկան կդառնան։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը նաև տեսակապով միացել էր Սիմֆերոպոլի հետ, և «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի գլխավոր խմբագիր Օլգա Լեոնովան հիշեցրեց, որ Ղրիմի ազատագրման հարձակողական գործողությունը տևել է 35 օր՝ 1944 թվականի ապրիլի 8-ից մայիսի 12-ը։ Թերակղզու ազատագրման համար մղած մարտերում աչքի են ընկել բազմաթիվ հայեր։ Իսկ «Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի` Ղրմիում ստացած առաջին պարգևն է եղել։