ԱՄՆ-ում կարծում են, որ իրավիճակը կփոխվի, եթե Թուրքիայում իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք չեն լինի Էրդողանի իրավահաջորդները և զերծ կլինեն նրա ազդեցությունից։ ԱՄՆ նախագահը Ռեջեփ Էրդողանին այլևս ժողովրդավար գործիչ չի համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով Թուրքիայում գրանցված վերջին զարգացումներին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ իր դռները փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար։ Էրդողանը հրաժարվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա հանդիպումներից, քանի որ ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
Սարգսյանը հիշեցնում է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի հասցեին սուր հայտարարություններով նախկինում էլ հանդես են եկել և հիմա շարունակում են նույն կերպ գործել։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ իրենք պետք է օգնեն Թուրքիայի համապետական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին, որպեսզի Թուրքիան դառնա ավելի ժողովրդավար պետություն։
«Երբ Թուրքիայում պաշտոնապես հայտարարեցին ընտրությունների մասին, հայտնի դարձավ, որ էրդողանական Թուրքիան հրավիրված չէ ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է, և այդ միջոցառմանը հրավիրվում են հարյուրավոր երկրներ։ Ակնհայտ է, որ սա ընտրություններից առաջ քաղաքական հարված էր Էրդողանին, ինչպես նաև յուրատեսակ ուղերձ թուրք ժողովրդին, որի նախագահն ԱՄՆ-ի կողմից այլևս չի համարվում ժողովրդավար գործիչ»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով` վերջին տարիներին թուրք ամերիկյան հարաբերությունների համատեքստում նշված դետալները թեև այդքան էլ մեծ դեր չեն խաղում, սակայն որոշակիորեն նպաստում են ամբողջական պատկերի ձևավորմանը։
«Թեև Թուրքիան ԱՄՆ-ում ընկալվում է որպես դաշնակից և ՆԱՏՕ–ի անդամ պետություն, որի նշանակությունը չափազանց կարևոր է, բայցևայնպես Վաշինգտոնում ցանկանում են, որ այդ երկիրը փոխի իր արտաքին քաղաքականությունը, այսինքն` ամբողջովին հավատարիմ լինի դաշնակցային հարաբերություններին և ավելի կոշտ գործողություններ իրականացնի Ռուսաստանի դեմ»,– նշեց Սարգսյանը։
«Թեև Թուրքիան ԱՄՆ-ում ընկալվում է որպես դաշնակից և ՆԱՏՕ–ի անդամ պետություն, որի նշանակությունը չափազանց կարևոր է, բայցևայնպես Վաշինգտոնում ցանկանում են, որ այդ երկիրը փոխի իր արտաքին քաղաքականությունը, այսինքն` ամբողջովին հավատարիմ լինի դաշնակցային հարաբերություններին և ավելի կոշտ գործողություններ իրականացնի Ռուսաստանի դեմ»,– նշեց Սարգսյանը։
Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն բացահայտ աջակցություն չի ցուցաբերի թուրքական ընդդիմությանը և շատ մեծ ներգրավվածություն չի ունենա ընտրական գործընթացում։ Այն նպատակ էլ չունի այդքան ռեսուրսներ օգտագործել` գիտակցելով, որ Էրդողանի իշխանությունը բավականին ամուր է և մոնոլիտ։ Այս պահին Էրդողանի վերընտրվելու համար կան բոլոր նախադրյալներն ու պայմանները, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչ կարող է շահել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից, Սարգսյանն ընդգծեց, որ մեր քաղաքականությունը Թուրքիայի ագրեսիվ պահվածքի պարագայում պետք է լինի ադեկվատ։ Բայց ՀՀ իշխանությունը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, և այստեղ ադեկվատ գործողություների մասին խոսք լինել չի կարող։
«Ավելին, Հայաստանը փորձում է չմիանալ հակաթուրքական գործընթացներին։ Նույնիսկ շատ երկրներում հավատարմագրված մեր դեսպանները չեն մասնակցում Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառումներին, որպեսզի դա Թուրքիայի կողմից չդիտարկվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարց ներգրավելու փորձ։ Եթե անգամ հայաստանյան գործող իշխանության կողմից որոշ քայլեր են լինում, ապա դրանք կրում են զուտ դեկլարատիվ բնույթ»,– նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։