ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմամթերքի, սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակ կփոխանցի 2,6 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթի շրջանակում: Այս մասին հայտնել են Պենտագոնում։
500 միլիոն դոլարի գույքը հատկացվում է ամերիկյան զինված ուժերի առկա գույքից, ևս 2,1 միլիարդ էլ հատկացվում է նոր գնումների համար:
Ուկրաինային նախատեսվում է զինամթերք փոխանցել Patriot և NASAMS զենիթահրթիռային համալիրների, HIMARS և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, արկեր 155 և 105 միլիմետր տրամաչափի հրետանային միջոցների համար, միջուկներ տարբեր տրամաչափի ականանետների համար, 120 և 105 միլիմետր տրամաչափի տանկային արկեր, 23 միլիոն փամփուշտ հրաձգային զենքի համար:
Օգնության փաթեթում ներառվել են նաև TOW և Javeline հակատանկային համալիրներ, նռնականետներ, ՀՕՊ ռադարներ, վերանորոգման-տարհանման մեքենաներ, վառելիքի փոխադրման և ծանր տեխնիկայի տեղափոխման բեռնատարներ, ԱԹՍ-ների դեմ պայքարի համար 30 միլիմետրանոց ավտոմատ թնդանոթներով ինը մեքենա, կամրջի շինարարության զրահապատ մեքենաներ, բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռներ, արբանյակային կապի տերմինալներ:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։