ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել Սուրբ Զատիկի տոնից հետո` ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին ԱԺ–ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Մենք նաև պարտավոր ենք գնալ Արցախ։ Վաղը չէ մյուս օրը` հինգշաբթի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, ժամը 11։00-ին շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են սեփական մեքենաներով գալ, թող գան։ Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ 120.000 մեր հայրենակից անտեր չէ։ Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք։ Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին– խմբ.), թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից։ Գնանք տեսնենք, թե ոնց է բաց»,– ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Արցախի անկախության ճանաչումը։ Ելույթների ընթացքում նրանք դիմեցին նաև ԱԺ–ին` Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար։
Հիշեցնենք` մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղին Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։ Այժմ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։