ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվում են Մանհեթենի դատարանի մոտ, որտեղ, ինչպես սպասվում է, քաղաքական գործչին մեղադրանք կառաջադրվի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դատարանի շենքի մոտ գտնվող հրապարակը ցանկապատերով երկու մասի է բաժանված. մի հատվածում նախկին նախագահի շուրջ հարյուր կողմնակիցներն են, մյուսում՝ նրա հակառակորդների փոքրաթիվ խումբը: Թրամփի հետ անհամաձայնություն ունեցողները կոչ են անում ձերբակալել նրան և նախկին նախագահին ստի մեջ են մեղադրում, իսկ աջակցող խումբը դրոշներ է ծածանում, որոնց վրա գրված է. «Թրամփ կամ մահ»։
Դատարանի մոտ ոստիկանական ուժեր են բերվել, տեղում աշխատում են բազմաթիվ լրագրողներ և հեռուստատեսային թիմեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփին մեղադրանքներ առաջադրելուն կողմ է քվեարկել Նյու Յորքի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին։ Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն այն ժամանակ, երբ Թրամփը ներկայանա դատարան, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան իբր մեծ գումար են վճարել նախկին նախագահի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար։Թրամփն արդեն հերքել է Դենիելսի հետ կապը և վստահեցրել, որ ինքը որևէ հակաիրավական գործողություն չի արել։ Նա նաև հայտարարել է, որ հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և կապված է 2024 թվականի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ։