Մանասյանը թող ինքնաբացարկ հայտնի. թեժ մթնոլորտ` ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու նիստին

ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելու ԱԺ հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը պահանջեց, որ ընդմիջում հայտարարվի։ ՔՊ–ականները, սակայն, պնդում էին, որ Ղազարյանը սկզբում ելույթի իրավունք չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խորհրդարանական ուժերը ներկայացնում են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուներին։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի, իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»` հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Նիստն ի սկզբանե բավական լարված մթնոլորտում է ընթանում. Էդգար Ղազարյանը պահանջում է, որպեսզի Մանասյանն ինքնաբացարկ հայտնի։
«Հարցն այն է, որ ՔՊ–ի կողմից ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրված թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության 192–րդ հոդվածին։ Ուստի, առաջարկում եմ հայտարարվի քսան րոպե ընդմիջում` առաջադրված թեկնածուին ինքնաբացարկ հայտնելու համար»,–ասաց Ղազարյանը։
Նիստին մասնակից հանձնաժողովի ՔՊ–ական անդամները, սակայն, նշեցին, որ Ղազարյանը ելույթի հնարավորություն չունի նիստի սկզբում և պետք է նիստը շարունակվի։ Արդյունքում` զուգահեռ խոսում էին ինչպես Ղազարյանը, այնպես էլ ՔՊ–ականները։
Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ընդմիջում չի հայտարարվի, և Ղազարյանը նման առաջարկով հանդես գալու իրավունք չունի։
Հավելենք, որ հանձնաժողովի` ընդդիմադիր անդամները ներկա չեն նիստին։