ԱԳ նախարարի այցը Բուխարեստ կարող է խթանել 2 երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկանին
Արարատ Միրզոյանն ու Նիկոլաե Չուկանը ընդգծել են տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկանին այսօր Բուխարեստում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:
Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։
Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում