ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել մայրաքաղաքի համար չինական ավտոբուսներ գնելու ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Սարգսյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չինական 150 ավտոբուսների գնման գործընթացը իրավապահ մարմինների տեսադաշտում է։ Նշվել էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է չինական Zhongtong չինական ընկերությունը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են։
2022 թվականին հայտարարված նոր մրցույթում գրեթե նույն պայմաններում շահել է նույն ընկերությունը, սակայն փոխարժեքի տատանումների պատճառով ավտոբուսների գինը «աճել է» յուրաքանչյուր ավտոբուսի համար 22 հազար դոլարով։ Միաժամանակ չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։
Սարգսյանի խոսքով, նման բոլոր հաղորդումները կեղծ են, անհիմն և իրականության հետ կապ չունեն։
«Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառն» իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը, և ոչ միայն տրանսպորտի ոլորտում»,- գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իր կողմից որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են եղել։
«Ամենակարևորը` գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 2023 թվականի մարտի 13-ին»,- գրել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում, որոնց արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։