ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար, տեղեկանում ենք Pars Today–ից։
Էրդողանն այսպիսով հրաժարվել է հետագա հանդիպումներից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
«Ջո Բայդենի դեսպանը հանդիպել է Քեմալի հետ. ամոթ ձեզ, գլխով մտածեք, դեսպան եք, ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է, դրանից հետո ի՞նչ դեմքով եք կանգնելու և նախագահի հետ հանդիպում ակնկալելու։ Մեր դռները նրա համար փակ են, նա այլևս չի կարող ներս մտնել: Ինչո՞ւ, որ իմանա իր տեղը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։
Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։