Լեհաստանը կընդլայնի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելությունում. ՀՀ–ն ողջունում է

Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է ընդլայնել ԵՄ առաքելությունում դիտորդների ներգրավվածությունը, ինչը մեծապես ողջունելի է ՀՀ–ի համար։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Սիմոնյանը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը, նրա խոսքով, բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:
ԱԺ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին:
Այս համատեքստում Սիմոնյանը հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների։
«Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,– ասել է նա։
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահն ԱԺ նախագահին է փոխանցել Սեյմի նախագահի` Լեհաստան այցելելու հրավերը:
Հիշենցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։