Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին. Ալեն Սիմոնյան

Աշոտ Փաշինյան
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպված սադրանքների շարք է տեղի ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի - Sputnik. Երեկ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հիշեցրել է օրերս ԱԺ–ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև երեկ իր հետ Կասկադում տեղի ունեցած դեպքը, երբ մեկը նրան «դավաճան» էր անվանել։
«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»,–գրել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, տարածաշրջանում խաղաղություն է լինելու:
Հիշեցնենք՝ մարտի 31–ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Իսկ երեկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երբ Ալեն Սիմոնյանը Կասկադում քայլելիս է եղել, մի տղամարդ նրան «դավաճան» է անվանել։ Դրանից հետո, ըստ լուրերի, Սիմոնյանի թիկնապահները բռնել են տղամարդուն, իսկ վերջինս մոտեցել է, հայհոյել ու թքել տղամարդու երեսին։