ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։ Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար։ Նա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով պետք է ԳԹԿ–ի կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ»,– ասված է հաղորդագրությունում։
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր տնօրենին։ Նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Այս խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները։ Պետք է կցել նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: