Գտնել մեղավորին և ամենախիստ ձևով պատժել. Ավինյանը` մետրոյի գծերի վրա փլուզման մասին

Տիգրան Ավինյան. Արխիվային լուսանկար
Տիգրան Ավինյանը նշեց, որ մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզումը կարող էր զոհերի պատճառ դառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել մի քանի օր առաջ մետրոպոլիտենի գծերի վրա տեղի ունեցած փլուզման մեղավորին։ Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ժամանակ նման հանձնարարական տվեց` միաժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին խնդրելով մանրամասներ ներկայացնել իրավիճակից։
Հայտնել էինք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց»-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։
«Մեքենավարը նկատել է փոշու ամպ և վնասված հենապատ, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է գնացքի կարգավարը։ Բացի այդ, բոլոր հնարավոր միջոցներով միջադեպի մասին տեղեկացրել են նշված գծով մոտեցող գնացքի մեքենավարին, որից հետո դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Ապրիլի երկուսից մետրոն աշխատել է։ Վթարավերականգնողական աշխատանքները մինչև այս պահը շարունակվում են»,–ասաց Սեդրակյանը։
Ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր` սա շատ մեծ հավանականությամբ կարող էր զոհերի հանգեցնել։
«Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Շատ շինարարներ, տարբեր ոլորտի մասնագետներ իրենց աշխատանքին իմիջայլոց են վերաբերվում և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ունեցել ենք քարաթափում։ Սա կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի։ Հանձնարարում եմ՝ «ԳԱՍԿ» հասարակական կարգի պահպանության տվյալ շրջանի ղեկավարին գտնել մեղավորին և ամենախիստ ձևով պատժի ենթարկել»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա հավելեց, որ այստեղ ոստիկանության կողմից էլ քննության կարիք կա։
Նշենք` Երևանի մետրոպոլիտենն էլ հայտնում է, որ մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել են 46 փայտակոճ և 1 ռելս։