ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորի Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր առայժմ ներկայացված չէ, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար Ազգային ժողովին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»,–գրում է Մելիքյանը։
Նա հայտնել է, որ Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
Հիշեցնենք՝ մարտի 31–ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։