ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալն է՝ Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որ լավ մարզադահլիճները ՀՀ–ում լինեն սովորական, լինեն մեր բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, բոլոր թաղամասերում:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում պարգևները հանձնելուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ Նշենք, որ մրցաշարն անցկացվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին
Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: «Այս տարի մրցաշարի խորհրդանիշների փոփոխություն ենք իրականացրել: Արդեն հատուկ Վարչապետի գավաթի համար արտադրված մեդալներ և խորհրդանիշներ ունենք: Սա նաև ցույց է տալիս այս գաղափարի, նախաձեռնության զարգացումը: Այն, ինչ տեսնում ենք մրցահարթակում, շատ բաների մասին է պատմում և խոսում: Մենք տեսնում ենք հաղթանակի կամքը, ոգին, մենք տեսնում ենք հաջողություն, անհաջողություն: Նաև տեսնելով, մասնակցելով է, որ պիտի կարողանանք ապրել այդ ամեն ինչի հետ, հաղթահարել անհաջողությունները, հուսահատությունը, ձևավորել հաղթանակի կամքը և որոշում ունենալ, որ անպայման պետք է հասնենք մեր նպատակին»,–ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին
Հավելենք, որ սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ: