Հույս ունեմ, որ Մխիթարյանը կվերադառնա հավաքական. Բայրամյան

Խորեն Բայրամյանը. Արխիվային լուսանկար
Բայրամյանը նշել է, որ Սպերցյանը չի դառնա Մխիթարյան, քանի որ ամեն մեկն իր ուղին ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը շատ կուզեր, որ Հենրիխ Մխիթարյանը վերադառնա հավաքական, նա Sport-Express-ի հետ զրույցում է խոսել Մխիթարյանի և Էդուարդ Սպերցյանի մասին։
«Այս տրամաչափի, նման որակներով խաղացողը, որ տասը տարուց ավելի հանդես է գալիս բարձրագույն լիգաներում, գավաթներ է նվաճում, Եվրոպա լիգայի եզրափակչում գոլ խփում, միշտ պետք է: Իմ կարծիքով՝ նրանով ցանկացած պահի և ցանկացած մարզչի հետ ազգային հավաքականն ավելի ուժեղ կլիներ։ Ես նրան տեսել եմ դեկտեմբերին, երբ գործերով Միլանում էի։ Մենք նստեցինք, զրուցեցինք: Չեմ կարող նրան համոզել, բայց շատ կուզեի, որ նա վերադառնա հավաքական։ Եվ ես հույս ունեմ, որ այդպես կլինի: Թե ինչու է նա այդպես որոշել, ես իսկապես չգիտեմ»,-ասել է Բայրամյանը:
Հարցին, թե ժամանակի ընթացքում Սպերցյանը կկարողանա՞ փոխարինել Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքականի առաջատարի դիրքում՝ Բայրամյանը պատասխանել է, որ ամեն մեկն իր ուղին ունի, և Էդուարդ Սպերցյանը երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի։
Հիմա շատ ակումբներ ուշադիր հետևում են Սպերցյանին։ «Ուղղակի Էդիկին մաղթում եմ, որ նրա ուղին Հենրիխից ոչ պակաս լուսավոր լինի։ Ամբողջ ազգը, ընտանիքը, ընկերներն ուրախ ու երջանիկ կլինեն նրա համար։ Բայց դրա համար նա պետք է շատ աշխատի»:
Նրա խոսքով՝ Սպերցյանը մեծ ներուժ ունի, ինչը նա ի ցույց է դնում ինչպես «Կրասնոդարում», այնպես էլ ազգային հավաքականի խաղերում։
Սպառվել ենք․ Մխիթարյանը՝ առաջնությունում «Ինտերի» երրորդ անընդմեջ պարտության մասին