Երևանի մետրոյի երթևեկությունն այսօր ժամը 7–ից ամբողջ գծով վերականգնված է

Երևանի մետրոպոլիտենը վնասվելուց հետո
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։
Մետրոպոլիտենի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում հմուտ աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։
Մետրոպոլիտենը երեկ աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։