Արցախից Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 անձ, իսկ 8-ը՝ Հայաստանից Արցախ

Կարմիր խաչի մեքենաները Սյունիքում
Արցախից հայաստանյան ԲԿ-ներ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱրցախիԱռողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 անձ, տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել:
Միաժամանակ, 8 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Հավելենք, որ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 252 հիվանդ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։