Խաղաղապահները ԼՂ–ից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության ևս 28 քաղաքացու

ՌԴ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղից չէին կարողանում վերադառնալ Լաչինի միջանցքի փակման հետևանքով։
Sputnik
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս են բերել ՌԴ 28 քաղաքացու, այդ թվում՝ 8 երեխայի: Տեղեկությունը հայտնում է «Peacekeeper» Telegram–յան ալիքը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահ անձնակազմի զինծառայողները Հայաստան են տեղափոխել ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։