Մոլդովացիները ևս մի քայլ արեցին դեպի Եվրամիություն. այսուհետ նրանք ռումիներեն են խոսելու

Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Sputnik
Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։ Ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոժե Մարտեն դյու Գարի այս հայտնի խոսքերն, ըստ երևույթին, այնքան էլ համոզիչ չթվացին Մոլդովայի քաղաքացիներին, և այդ երկրի խորհրդարանն ընդունեց, իսկ նախագահը ստորագրեց մի օրենք, որի համաձայն այլևս գոյություն չունի մոլդովերեն, որով դարեր շարունակ խոսում էին մոլդովացիները։ Այդ լեզուն այժմ կոչվում է ռումիներեն։
Լեզվի անվանափոխության բարդ ու ոչ միանշանակ գործընթացը վաղուց էր սկսվել։ Թեև մասնագետները միակարծիք են՝ մոլդովերենն ու ռումիներենը նույն լեզվի տարբեր անվանումներն են, ոմանք հարց են բարձրացնում՝ բա ինչո՞ւ հաղթող ճանաչվեց ռումիներենը, չէ՞ որ մոլդովերենը շատ ավելի հին է, հո իզուր չէր ասել հայտնի գրող Իոն Դրուցեն. «Մոլդովերենը մայրն է, ռումիներենը՝ դուստրը»։
Իսկապես, գրական մոլդովերենը սկսել է ձևավորվել դեռ 16-րդ դարում, այնինչ Ռումինիան որպես պետություն կազմավորվել է միայն 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հենց այդ պատճառով էլ նույնիսկ ռումիներենի մոլի ջատագովները խիստ զարմացան և զայրացան, երբ վերջերս Ռումինիայի արտգործնախարարը հայտարարեց. «Մոլդովական լեզու ընդհանրապես գոյություն չունի»։ Պատմության նման խեղաթյուրում որևէ մեկը չէր սպասում։ Բայց սկանդալ չեղավ։ Երևի կռահում եք, թե ինչու։
Այո′, շատ ճիշտ եք, Եվրամիություն մտնելու գաղափարը չափազանց գայթակղիչ է։ Իհարկե, Մոլդովան Ուկրաինայի հետ միասին թեկնածուի կարգավիճակ արդեն ստացել է, բայց բոլորը գիտեն, որ դա դեռ ոչինչ չի նշանակում՝ ճանապարհը թեկնածությունից մինչև անդամություն կարող է տասնամյակներ տևել։ Եվ ուրեմն, չի′ կարելի ձեռքերը ծալած նստել, հարկավոր է արագացնել գործընթացը և շատ կոնկրետ հիմքեր ստեղծել Եվրոպային միանալու համար։ Առաջին հանգրվանն այդ ճանապարհին արդեն հետևում է մնացել՝ ի տարբերություն Հայաստանի, որին Բրյուսելը միայն խոստանում է, բայց չի տրամադրում եվրոպական երկրներ առանց վիզայի գնալու իրավունք, Մոլդովայի բնակիչները վաղուց օգտվում են ազատ ելումուտի արտոնությունից։ Հիմա ավելացավ երկրորդ շահեկան փաստարկը՝ այսուհետ մենք խոսում ենք ռումիներեն, որը Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկն է։
Գումարեք սրան այն փաստը, որ այսօր Մոլդովայի բնակչության մոտ կեսը Ռումինիայի քաղաքացիություն ունի։ Այսինքն, կարելի է իրավամբ պնդել, որ մոլդովացիները, ինչպես ասում են, մի ոտքով արդեն Եվրամիությունում են։ Եվ Մոլդովայի առջև մի շատ հետաքրքիր, կարելի է ասել նույնիսկ էկզոտիկ հեռանկար է բացվում. դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ Ռումինիայի հետ միավորվելով։ Ինչո′ւ էկզոտիկ։ Որովհետև նման բան դեռ երբեք չի եղել։ Վերջին տասնամյակների ընթացքում Եվրամիության անդամների թիվն ավելացել է՝ հիմնականում ի հաշիվ Արևելյան Եվրոպայի երկրների, հետո պակասել է՝ «բրեքզիթի» հետևանքով։ Բայց որ մեկ անկախ երկիր մեխանիկորեն դառնա Եվրամիության անդամ՝ մեկ այլ անկախ երկրի միանալու արդյունքում, էդպիսի բան դեռ ոչ ոք չի տեսել։ Ճիշտ է, ժամանակին երկու Կիպրոսներին առաջարկվեց միավորվել և միասին մտնել եվրոպական ընտանիք, բայց դա էլ չստացվեց։
Վրաստան. ինչպես հեղափոխության վարդերը վերածվեցին ոստիկանական մահակների
Ռումինիայի հետ միավորվելու գաղափարը Մոլդովայում վաղուց է քննարկվում տարբեր մակարդակներում։ Համաձայնե′ք, բարդ հարց է։ Մի կողմից, բացասական պահերն ակնհայտ են՝ կորցնում ես ինքնիշխանությունդ և զրկվում պետականությունից։ Բայց մյուս կողմից, միանգամից հայտնվում ես ՆԱՏՕ-ի պաշտպանիչ հովանու տակ, քանզի Ռումինիան արդեն գրեթե 20 տարի է, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Դե իսկ Մոլդովայի շարքային քաղաքացու համար երևի ամենակարևորն այն է, որ Եվրոպայի այդ ամենաաղքատ երկրում միջին աշխատավարձն այժմ կազմում է մոտ 500 դոլար, ինչպես Հայաստանում, իսկ Ռումինիայում՝ 1000 դոլար, այնպես որ, մոլդովացին հնարավորություն ունի առանց որևէ ջանք թափելու կրկնապատկելու իր աշխատավարձը։ Միգուցե հենց այս վերջին հանգամանքն էր նաև պատճառը, որ երբ ընդդիմությունը փորձեց հանրահավաք կազմակերպել բոլոր պաշտոնական փաստաթղթերում մոլդովերենը ռումիներենով փոխարինելու դեմ, հրապարակ եկավ ընդամենը 100 մարդ։
Բայց այստեղ նաև սկզբունքային հարց է ծագում։ Իսկ Ռումինիան և Եվրամիությունը կցանկանա՞ն իրենց կազմում ունենալ մի երկիր, որը Մերձդնեստրի խնդիր ունի։ Մանավանդ, որ որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, այժմ մոլոդովերենը մոլդովերեն է մնացել հենց միայն… Մերձդնեստրում։