ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Օծանելիքի աշխարհում, ինչպես նորաձևությունում, կան տենդենցներ։ Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանն «Առանց տաբուների» տաղավարում խոսել է օծանելիքի տենդեցների և պարֆյումերիայի հետ կապված այլ գաղտնիքների մասին։
Եթե տասնամյակներ առաջ օծանելիքները կառուցվում էին երևակայական փնջերից, ապա հիմա իրավիճակն այլ է, ու կան հոտերի հստակ տարանջատումներ` մրգային, ծաղկային, փայտային։ Ավելին, այժմ շատ թրենդային են գուրման օծանելիքները, որոնք ուտելի բուրմունքներ ունեն` շաքարի, շոկոլադի, սուրճի և այլն։
Ծովակ Ոսկանյանը Sputnik Արմենիայում
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ներկայում օծանելիքներն ավելի իդենտիֆիկացվող են։ Լսողը կարող է հասկանալ, թե որ թեմայի շուրջ են կառուցված», - նշեց նա։
Պարզվում է` բույրերը կարելի է տարանջատել ըստ երկրների։ Օրինակ` արաբականներում տարածված են փայտային և ծաղկային օծանելիքները, որոնք ուդի կամ վարդի հիմքով են, իսկ Հարավային Իտալիայում` ցիտրուսային բույրերը։ Հիմնականում դա պայմանավորված է մշակութային ու բնակլիմայական առանձնահատկություններով։ Կան երկրներ, որտեղ օծանելիքը ի սկզբանե հակասեպտիկ կամ հակաբակտերիալ նպատակ է ունեցել։
«Հաճախ կենցաղային մշակույթն իր հետքն է թողում պարֆյումերիայում։ Հայկական հետք կարելի է ասել չկա, քանի որ մենք օծանելիքի ավանդույթներ չենք ունեցել և հիմնականում ենթարկվել ենք համաշխարհային շուկայի տենդեցներին», - ընդգծեց մասնագետը։
Պարֆյումերը նկատեց, որ սնունդը լուրջ ազդեցություն ունի մարդու մաշկի բույրի և օծանելիքի «բացվելու» վրա ։ Օրինակ` եթե մարդը շատ բաստուրմա ուտի, մաշկը չամանի հոտ է ունենալու։ Պարզվում է նաև, որ նույն օծանելիքը տարբեր կերպ կարող է բուրել` կախված տարվա եղանակից կամ մարդու էմոցիոնալ վիճակից։
«Օծանելիքը պետք է շատ ինտիմ տարածության վրա զգալի լինի, և պետք չէ մարդկանց պարտադրել ձեր բույրը։ Հնարավորինս զուպս է պետք լինել», – նշեց Ոսկանյանը։
Նա նաև պատմեց, թե ինչպես է հնարավոր բույրով հիշողություն բյուրեղացնել, թե մարմնի որ մասին ցանել օծանելիքը, որ բույրը երկար պահպանվի և ինչպես ընտրել այն։
Պարֆյումերը ներկայացրեց նաև, թե ինչով են տարբերվում կանանց ու տղամարդկանց օծանելիքները, ինչու է նույն օծանելիքը տարբեր ձև բուրում տարբեր մարդկանց վրայից, ինչու է օծանելիքը ռիսկային նվեր և որոնք են պարֆյումերիայում արգելված եթերայուղերը։
Այս ամենի և այլ թեմաների շուրջ ավելի մանրամասն` տեսանյութում։