ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային ու ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերն այսուհետ պետք է եռամսյակը մեկ անգամ հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեն վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` թերացումների հայտնաբերման դեպքում տվյալ տնտեսվարողի նկատմամբ տուգանք կիրառելու նպատակով։
Բանն այն է, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսվում է սպառողին «խաբող» լցակայանին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի իրացման շրջանառության մեկ կամ երկու տոկոսի չափով՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից պատճառված վնասի չափը:
Իսկ որպեսզի տուգանքի չափը հնարավոր լինի ճիշտ հաշվարկել կառավարությունը նոր որոշմամբ հստակեցրել է Պետական եկամուտների կոմիտեին եռամսյակային շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը։
Նոր որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։