Պուտինի՝ «Աքքույու» ատոմակայանի արարողությանը մասնակցելու մասին հստակ որոշում չկա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Ռուսաստանն արժանապատվորեն ներկայացված կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ կատարելիք այցի կամ օդատիեզերական ուժերի միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չկան։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 27-ին երկիր կատարելիք այցի հնարավորության մասին: Այդ օրը նշանակվել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում վառելիքի բեռնման արարողությունը։
«Դեռ հստակ որոշումներ չեն կայացվել։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ, իհարկե, այսպես թե այնպես, ռուսական կողմն արժանիորեն ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա ավելացրել է, որ սա շատ կարևոր նախագիծ է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների և ընդհանուր առմամբ, Թուրքիայում էներգետիկայի զարգացման համար:
Միջուկային վառելիքը նախատեսվում է ներմուծել Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հարթակ և տեղադրել այն թարմ միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի ներկրման պահից «Աքքույու» ԱԷԿ-ը կդառնա միջուկային օբյեկտ, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ ատոմային էներգետիկա կա:
Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայում առաջին ատոմակայանն է։