Հայաստանը նոր մակարդակի է բարձրացնում Չեխիայի հետ ռազմական համագործակցությունը

ՀՀ կառավարության հերթական նիստը. Արխիվային լուսանկար
Երկու երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականին ստորագրված համաձայնագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ` գործադիրը հավանություն է տվել Հայաստանի ու Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականի ապրիլի 9-ին և մինչ օրս չի վավերացվել։
Ընդունված որոշմամբ կառավարությունը փաստորեն ազդարարում է վավերացման գործընթացի մեկնարկը` այն տեղափոխելով խորհրդարանական փուլ։
Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման համար:
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում։ Նախատեսվում է, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն կողմերի լիազոր մարմինները:
Կառավարության ներկայացրած կարծիքի համաձայն` «համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները»:
Նշենք, որ Հայաստանի ու Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագրով։