ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը, մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Երևանում մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 15-17, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում` Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0–ից -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3–ից -4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին` ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին արդեն ծաղկել է, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2–ից -4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` 0–ից -2 աստիճան։
Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով: