Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները խոսել են ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ
Միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլեր են պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Առկա խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Սա երկուստեք շեշտել են Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։
Նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:
Նախարարները պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:
«Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցեր, անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ
Նախարար Միրզոյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը:
Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է արվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությանը: