Դա հաստատում է ԵՄ-ի ապակառուցողական մտադրությունը ․ Զախարովան՝ Ռիտերի խոսքերի մասին

Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Ռուսական կողմը կարծում է, որ Երևանն ու Բաքուն կարող են պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ ստեղծեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները հաստատում են տարածաշրջանում ԵՄ մտադրությունների և գործողությունների ապակառուցողականությունը: Ավելին, Բրյուսելում ակնհայտորեն շահագրգռված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմամբ և դիրքորոշումների մերձեցմամբ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ռիտերը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, խոսելով առաքելության գործունեության մասին, նշել էր, որ «իրենք չեն կարող միջամտել, իրենց տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»: Նրա խոսքով՝ արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք, այդ պատճառով չեն կարող նկատել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ։
«Շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք չեն եղել կարգավորման միջնորդ, որոնք ներդրումներ չեն ունեցել, որոնք չեն հասել գործնական արդյունքների: Կարևոր է լսել Բաքվին և Երևանին, սա առանցքային է այս խնդրի դեպքում. պետք է լսել, լսել և գործել ի շահ երկու երկրների»,–հայտարարել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ կան տարբեր տեսակետներ, երբեմն հակառակ տեսակետներ են լինում երկու երկրներում և լինում են ծայրահեղ բարդության, սրացման ժամանակաշրջաններ։
Միևնույն ժամանակ, ռուսական կողմը գտնում է, որ կողմերը կարող են պայմանավորվեն, կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, հիմք ստեղծեն նման պայմանավորվածությունների և փոխըմբռնման համար` նպաստելով այդ փոխըմբռնմանը, այլ ոչ թե հակառակը:
«Բրյուսելում... իրենց ոչ հմուտ, անդադար կերպով, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի և Երևանի միջև»,–եզրափակել է Զախարովան։