Արցախում Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Արցախի Բերդաշեն գյուղը
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ, հայտնում է հայկական կողմը։
«Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։
Սա Արցախում այսօր գրանցված միակ նման դեպքը չէ։ Հայտնել էինք, որ ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էին հակառակորդի թիրախում։
Նման դեպք է գրանցվել նաև այսօր, ժամը 10:40-ի սահմաններում։ Այս անգամ ադրբեջանական կողմի կրակոցների տակ էին հայտնվել Թաղավարդ գյուղի բնակիչները, որոնք կրկին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս էին եղել։