ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Բաղրամյան փողոցում գործող «Queen music hall» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մարտի 29-ին` ժամը 04։12-ին, ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ իր նկատմամբ հարձակում է կատարվել։ Նա ներկայացել է որպես պետական պաշտոնյա։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգած քաղաքացին 2 ընկերների հետ մտել է ակումբ։
Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց, նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի ևս 2 այլ աշխատակիցներ։ Արդյունքում ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Միջադեպի մասնակից 5 անձինք ձերբակալվել են առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։