Կիևն ու Անկարան դեմ չեն արտահայտվել «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը

Արխիվային լուսանկար
Մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգեց «հացահատիկային գործարքի» ժամկետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ուկրաինան և Թուրքիան Ռուսաստանին չեն ծանուցել այն մասին, որ իրենք դեմ են 60 օրով «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նա հիշեցրել է, որ մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգել է «հացահատիկային գործարքը»։

«Եթե մյուս երկու կողմերը համաձայն չեն դրա հետ, նրանք պետք է տեղեկացնեին մեզ գրավոր, և գործարքն այդքանով ավարտված կլիներ։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Այսինքն, եթե մեզ չեն տեղեկացրել, որ իրենք դեմ են 60 օրով երկարացմանը, այն երկարաձգվում է 60 օրով»,– ասել է Պոլյանսկին։

Նա մատնանշել է ռուսական արտահանումն արգելափակելու հիմնախնդիրը։ Նրա խոսքով` եվրոպական երկրներն ու ԱՄՆ–ն պետք է ընկերություններին նամակ ուղարկեն, որպեսզի նրանք պատժամիջոցներից չվախենան։
«Եվ մենք պետք է նշենք, որ գլխավոր քարտուղարն իսկապես փորձել է և փորձում է անել ամեն բան, ինչ իր ուժերում է` ապահովելու համար գործարքի երկու մասերի կատարումը», – պարզաբանել է դիվանագետը։
Պարենային (կամ հացահատիկային) գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութի արտահանում է նախատեսում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։
ՄԱԿ–ում արձագանքել են ՌԴ-ի` հացահատիկային գործարքի վերաբերյալ պահանջներին
Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ «նման առարկություններ չեն եղել», միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգում առանց ժամկետների և ծավալների փոփոխության։